Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեբեդ գետի ջրով ջրված պտուղը վախենում եմ իմ երեխային ուտացնել․ գյուղատնտես
Դեբեդ գետի էկոհամակարգը խաթարող աղտոտման խնդիրները նոր չեն ծագել։ Ժամանակ առ ժամանակ գետն աղտոտվում է հանքարդյունաբերական թափոններով,ինչի մասին ահազանգում են տեղի բնակիչները։ Իսկ նախորդ տարի էլ ջրհեղեղը էլ ավելի նպաստեց աղտոտման բարձրացմանը։
Լոռու և Տավուշի մի խումբ բնակիչներ պնդում են, որ պոչամբարից արտահոսքեր են լինում, տեսչական մարմինները լավ չեն վերահսկում՝ պահանջելով խստացնել վերահսկումը։ Միաժամանակ բնակիչները հիշեցնում են, որ «Նահատակի» պոչամբարը, որը սպասարկվում է Ախթալա ԼՀԿ-ի կողմից, դեռ մեկ տարի առաջ պետք է փակվեր՝ ռեկուլտիվացվեր։

«Մեր տարածշրջանում հատկապես զարգացած է գյուղատնտեսությունը, բնակլիմայական պայմանները լավն են, բայց գյուղատնտեսությունն առանց Դեբեդ գետի անհնար է զարգանա։ Տարիներ շարունակ Դեբեդի ջրով ենք ոռոգում մեր այգիներն ու ցանքատարածությունները։ Վեջրին տասնամյակներում, հանքարդյունաբերության զարգացման հետ կապված, գետի ջուրը բավականին աղտոտվել է, ինչն էլ էապես ազդել է գյուղատնտեսության վրա՝ հողերի բերքատվությունն է ընկել, աղտոտվածությունը՝ բարձրացել, մարդկանց առողջության վրա է ազդել»,- Լոռու մարզ կատաչած այցի ընթացքում պատմեց Ճոճկան գյուղի բնակիչ ֆերմեր, ագրոնոմ Սամվել Սիրադեղյանը։
Նա նաև ընդգեց, որ Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջև գտնվող «Նահատակ» պոչամբարը շահագործվում է շուրջ 15 տարի։
«Դեռևս 2018թ․-ին այն պետք է փակվեր և ռեկուլտիվացիայի ենթարկվեր, բայց այդ աշխատանքները ձգձգվում են և շահագործումը՝ երկարաձգում։ Սա բացասաբար է ազդում տեղի բնակչության և շրջակա միջավայրի վրա։ Ուստի, պահանջում ենք համապատասխան մարմիններից մշակել ռազմավարություն՝ Դեբեդ գետի պահպանության համար։ Գետը պետք է պաշտպանել աղտոտվածությունից՝ մաքրման կայան տեղադրել, գետի հունը մաքրել և այլ աշխատանքներ իրականացնել։ Դեբեդ գետի նշանակությունը շատ մեծ է հետագայում գյուղատնտեսության զարգացման համար»,- ասաց գյուղացին։
Սիրադեղյանի խոսքով՝ թվարկած խնդիրներին ավելացել է նաև ջրհեղեղի հասցրած վնասները։
«Աղետի ենթարկվեց Լոռու և Տավուշի մարզերի գյուղատնտեսական տարածությունները։ Նյութական մեծ վնասներ կրեցինք»,- ասաց գյուղատնտեսը՝ հավելելով ․ «Լոռվա մարզում, ճիշտ է, որոշակի գետի մաքրման աշխատանքներ կատավել են, բայց Տավուշի մարզում ՝ոչ»։
Տավուշի մարզի Լճկաձոր գյուղից գյուղատնտես Դերենիկ Բեջանյանը, որը զբաղվում է նաև էնդեմիկ ծառատեսակների աճեցմամբ ու պահպանմամբ, նշում է, որ տարեց տարի գյուղացիներն ավելի քիչ բերք են ստանում։
«Մեր տարածաշրջանի հողակլիմայան պայմանները բարենպաստ են և շուրջ 18 ցեղի պատկանող պտղատու հատապտղային տեսակներ են աճում։ նախկինում գյուղատնտեսությունը շատ շահութաբեր է եղել, հատկապես՝ պղտաբուծության ոլորտում։ Սովետական միության ժամանակ դեղձի կոմպոտի յուրաքանչյուր 6-րդ բանկան լցվում էր Ախթալայի և Այրումի պահածոների գործարանում։ Միության սահմաններից դուրս, շատ խոշոր երկրներ կերազեին այդքան հումք ունենալ, որ արտահանեին։ Բացի քանակից, մեր տարածաշրջանի դեղձը համային հատկանիշներով համաշխարհային ստանդարտներին գերազանցում էր։ Աշխատանքի բերումով շփվել եմ Իտալիայի, Թուրքիայի, Հունաստանի մասնագետների հետ, բոլորը գիտեին այդ մասին։ Ուզում եմ ասել, որ մեր գյուղաատնտեսությունը խիստ պահանջված է, հատկապես՝ պնտղաբուծությունը։ Նաև նշեմ՝ մեզ մոտ կան էնդեմիկ տեսակներ, որ աշխարհում չկան այդ տեսակներից։ Այսօրվա պայմաններում, Դեբեդ գետի ջրած ջրով վախենում իմ երեխային պտուղ ուտացնել»,- մտահոգված նշեց այգեգործը՝ շարունակելով․ «Մեր տարածաշրջանում 35-40 տոննա դեղձ էր արտադրում, հիմա դեղձենիները չորանում են։ Խնդրում եմ՝ ներկայացրեք համապատասխան մարմիններին,որ մեր տարածաշրջանում դեղձենին վերանում է»։
Բեջանյանի գնահատմամբ՝ ծանր մետաղների մասնիկները, որոնք նստում են հողում, հարյուրավոր տարիներ կպահանջվի, որ հողը վերկանգնվի։

«Քանի՞ հարյուր տարում պետք ա փոխհատուցեն ծախսերը, որ հողը բերենք իր ավանդական վիճակին։ Հողի ֆիլտրացիոն հատկությունը լրիվ խախտվում ա, երբ պոչամբարի թափոնը լցվում ա էդ տարածք։ Շատ օրինակներ կարող եմ բերել, երբ մարդիկ թողել են իրենց այգիները, հրաժարվել են մշակել։ Հիմնական ապրելու միջոցը եղել է հողը և կմնա հողը։ Սա միայն մեր տարածաշրջանի խնդիրը չէ, դեղձն աճեցնում են, տանում են Երևանում վաճառում, մանկահասակ երեխաներն են ուտում դա։ Այսինքն՝ ունենք առողջ ապրելակերպի խնդիր։ Սա հանրային առողջության խնդիրն է։ Քանի՞ լքված տուն կա այս գյուղում, ո՞րն է պատճառը, ապագա չեն տեսնում՝ գործելու ու նյութական բարիք արտադրելու։ Երեխա էի, հիշում եմ՝ 60-ական թթ-ին գետի ամեն քարի տակից մի բուռ ձուկ էինք հանում, հիմա էդ ֆաունան էլ վերացավ, ձուկը վերացավ։ Ո՞ւր ենք գնում, վերջը ո՞րն է, որտե՞ղ ենք կանգ առնելու , այս հարցերին պետք է պատասխանեն վերին ատյանները»,- հռետորական հարցադրումներով եզրափակեց գյուղացին։
Գյուղացիները նշում են, որ Դեբետ գետը մեծ նշանակություն տարածաշրջանի համար, որին անհրաժեշտ է պահպանել և այս ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկել։
« Դեբեդը մեզ պետք է, մենք էլ՝ Դեբեդին ենք պետք․․․»։
